Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանները Հայաստանում․ անցյալից ներկա» խորագրով բանախոսություն, որը վարեց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Բանախոսության ընթացքում ներկայացվեց Հայաստանում թանգարանների ստեղծման գործընթացը, աստիճանական զարգացումը, տրվեց ներկա թանգարանային ցանցի բնութագիրը, որին հաջորդեց հարց ու պատասխան։
Միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաներին, ովքեր մասնակցեցին «Տատիկիս գործած գորգը» կրթական ծրագրին։ Երեխաները շրջեցին «Դրվագներ ինքնության․ գորգ» ցուցասրահում, այնուհետև կրթական ծրագրի երկրորդ մասում նրանց տրվեց հայկական գորգի սիմվոլներով ծածկագիր, որի միջոցով մասնակիցները բացահայտեցին թաքնված հաղորդագրությունը: