Դեկտեմբերի 26-ին՝ Ամանորին ընդառաջ, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Ի՞նչ են պատմում Ամանորի համերը» խորագրով բանախոսությունը, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը, ով իր ելույթում կարևորեց Ամանորի ավանդույթների ուսումնասիրման դերը մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման համատեքստում:
Բանախոսության ընթացքում ներկայացվեց Ամանորի ավանդական հայկական խոհանոցի ձևավորումն ու զարգացումը: Անդրադարձ կատարվեց տոնական կենցաղի կազմակերպման առանձնահատկություններին, Ամանորի սոցիալ-մշակութային ընկալմանը, ինչպես նաև ժամանակի ընթացքում արձանագրված շարունակականություններին և փոփոխություններին։ Վերլուծության շրջանակում ամանորյա ուտեստներն ու համային նախասիրությունները մեկնաբանվեցին որպես մշակութային հաղորդակցության յուրօրինակ լեզու, որի միջոցով արտացոլվում են ժամանակի, ինքնության և ազգային հիշողության կառուցման գործընթացները։
Բանախոսության ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան, որի ընթացքում ունկնդիրները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու թեմային առնչվող իրենց հարցերն ու դիտարկումները։








