Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում «Կաշվի վերականգնում և կոնսերվացում» խորագրով բանախոսությամբ հանդես եկան Սաքսոնիա-Անհալթի երկրամասային թանգարանի և Ռեստավրացիոն լաբորատորիայի վերականգնողներ բ․գ․թ․ Քրիստիան-Հայնրիխ Վունդերլիխը և Հայկո Բրոյերը։
Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց հյուրերին համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման համար՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը մշակութային ժառանգության պահպանման և միջազգային համագործակցության խորացման գործում։
Բանախոսները ներկայացրին հնագիտական թաց և չոր կաշվի կոնսերվացման եղանակները՝ անդրադառնալով դրանց կիրառությանը ցուցադրական և պահոցային պայմաններում։ Խոսեցին նաև հնագիտական կաշվի վերականգնման մեթոդների և տեխնիկայի մասին՝ մասնագիտական խորհուրդներ տալով նաև Արենի 1 քարանձավից հայտնաբերված կոշիկի երկարաժամկետ պահպանման վերաբերյալ։
Բանախոսության ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան: