Սույն թվականի հուլիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Մխիթարյանի ուղեկցությամբ մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և Չզինան քաղաքում գտնվող Շանդուն նահանգի թանգարանի տնօրեն Լիու Յանչանգի հրավերով մասնակցել թանգարանի հիմնադրման 70-ամյա հանդիսավոր արարողությանը։
Հայաստանի պատմության թանգարանի և Շանդուն թանգարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել։
Այցի ընթացքում հանդիպումներ են եղել հանդիսավոր արարողություններին մասնակից Սերբիայի Ազգային թանգարանի և այլ թանգարանների տնօրենների հետ։
Հուլիսի 26-ին Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանի հետ, ապա դեսպանի խորհրդական Մայա Մարտիրոսյանի, Հայ-չինական գործընկերության կենտրոնի փոխնախագահ Դավիթ Մարտիրոսյանի ուղեկցությամբ Դավիթ Պողոսյանը հանդիպել է Չինաստանի ազգային թանգարանի տնօրեն Գաո Չհանգի հետ։
Քննարկվել են համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև համաձայնեցվել է համագործակցության հուշագրի նախապատրաստման աշխատանքները։
Հայաստանի պատմության թանգարանը նաև միացել է Չինաստանի ազգային թանգարանի կողմից համակարգվող «Մետաքսի ճանապարհ թանգարաններ» միջազգային դաշինքին։
Հանդիպման ավարտին թանգարանի միջազգային ստորաբաժանման տնօրեն Ֆլորենս Ցուի ուղեկցությամբ Դ․ Պողոսյանը ծանոթացել է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Դ․ Պողոսյանը հուլիսի 27-ին Չինաստանում մասնակցել է նաև Հայ-չինական գործընկերության կենտրոնի և գործընկերների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված «Չինական մեծ պատ» և «Արգելված քաղաքի» հուշարձանային համալիրներ կազմակերպված ճանաչողական այցերին։