Հոկտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը․ Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործունեությունը Դվինում և Արուճում» խորագրով աշխատաժողովը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նմանատիպ աշխատաժողովների դերը հնագիտական ժառանգության պահպանության և միջազգային համագործակցությունների խթանման գործում։ Նա նշեց, որ թանգարանը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են գիտական ուսումնասիրությունների և մշակութային ժառանգության հանրայնացմանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքում ընդգծեց աշխատաժողովի կարևորությունը Հայաստան–Իտալիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացող համագործակցության շրջանակում՝ շնորհակալություն հայտնելով դեսպանատանը և գործընկեր կառույցներին։
 Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր ողջույնի խոսքում նշեց, որ հայ և իտալացի ժողովուրդները կապված են հազարամյա մշակութային ժառանգությամբ և հավելեց, որ հնագիտությունը ոչ միայն անցյալի հիշողությունների վերագտնում է, այլև ապագային ավելի պայծառ նայելու հնարավորություն։
Բանախոսները ներկայացրին Գառնիի խճանկարի վերականգնման և պահպանման աշխատանքների արդյունքները, որոնք իրականացվել են Opificio delle Pietre Dure և Ֆլորենցիայի համալսարանի մասնագետների կողմից, Դվինում և Արուճում արձանագրված հնագիտական հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև հնագիտական տուրիզմի զարգացման նախադրյալները Հայաստանում։