Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից 2022-ին հրատարակված «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի 42/1 եւ 42/2 համարների շնորհանդեսը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը, իրենց խոսքն ասացին Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր Անդրանիկ Տաքեսեանը և գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը՝ կարևորելով համալսարանի հայապահպան գործունեությունը Սփյուռքում և ազգային նշանակության կառույցների սերտ համագործակցությունը։
Այնուհետև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փօլ Հայտօսթեանը կնքեցին համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ուսանողների պրակտիկաների, գործնական աշխատանքների, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման նպատակով աշխատանքների իրականացում թանգարանում, թանգարանի աշխատակիցների և համալսարանի դասախոսների փոխադարձ հանդիպումների, համատեղ հետազոտությունների կազմակերպում, ինչպես նաև գիտական հրատարակությունների և տեղեկատվության փոխանակում։