Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ նվիրատվության արարողություն, որի շրջանակներում «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ի կողմից Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերվեց «Աստղահավք» տիպի գորգը՝ պատրաստված Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող համանուն գորգի նմանությամբ։
«Աստղահավք» տիպի գորգը գործվել է Հայաստանի պատմության թանգարանի և Մեգերյան կարպետ ընկերության համագործակցության արդյունքում։ Գորգը գործելու համար պահանջվել է մոտ 8 ամիս։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Մեգերյան Կարպետ» ընկերության տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։ Դավիթ Պողոսյանն ընդգծեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը մեր մշակույթի պահպանության և զարգացման, կրթական նախաձեռնությունների իրականացման գործում։ Լեոնիդ Անդրիասյանը ներկայացրեց ձեռագործ գորգի պահպանության կարևորությունը, ինչպես նաև հաջորդ սերունդներին գորգագործական ավանդույթների փոխանցման անհրաժեշտությունը։
Բնօրինակ գորգը թվագրվում է 19-րդ դարի կեսով, տարածաշրջանը՝ Գարդման, գ․ Բանանց, նյութը՝ բուրդ։ Ուղղահայաց կենտրոնագծով տեղադրված են խաչաձև հորինվածքով շեղանկյուն մեդալիոններ։ Մեդալիոնների արտաքին կողմերում մեծ թռչնապատկերներ են և աստղազարդեր։ Շրջագոտին հարդարված է աստղածաղիկների զարդաշղթայով։