Հայաստանի պատմության թանգարանի և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Պատմության թանգարանում տեղի ունեցավ Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի շնորհանդեսը և արխիվային նյութերի ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ելույթ ունեցան Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Էվիյա Հովհաննիսյանը, գրքի հեղինակ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Սարգսյանը, գրքի գիտական խմբագիր Գայանե Շագոյանը, գրախոսներ Գոհար Ստեփանյանը և Հարություն Մարությանը։
Նույն խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացվեցին Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Եվգենյա Գյուզալյանի արխիվից բնօրինակ լուսանկարներ, օրագրեր, աշխատանքային գրառումներ և այլն․ Եվգենյա Գյուզալյանը եղել է մեկն այն կանանցից, որ բռնաճնշումների զոհ է դարձել։