Ապրիլի 18-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Օրվա շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ պանելային քննարկում՝ «Հուշարձանների և տեսարժան վայրերի ներկայացման խնդիրները» խորագրով։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը խոսեց հուշարձանների պահպանության, դրանց արժևորման և կարևորության մասին։
Քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի Հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը։
Խոսնակներն էին․
-ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ․գ․դ․ Արսեն Բոբոխյանը,
-Արվեստաբան, լեռնային քայլարշավների և «Ճանապարհորդ» արշավախմբի ուղեկցող Նարինե Շալունցը,
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։
Ոլորտի մասնագետները ներկայացրին հուշարձանների և տեսարժան վայրերի արդի խնդիրները, խոսեցին հուշարձանների պահպանությանն ուղղված տարբեր նախաձեռնությունների, անհատ մասնագետների կողմից իրականացվող քայլերի, ներկա մարտահրավերների և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքների մասին։