Հունվարի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ պ․գ․դ․, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի «Տարածքը և սրբությունը. կոթողները և պատկերագրությունը վաղքրիստոնեական Հայաստանում և նրանից դուրս» խորագրով բանախոսությունը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյանը, ով նշեց, որ այսպիսով մեկնարկում է «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության շրջանակում իրականացվող բանախոսությունների շարքը։
Համլետ Պետրոսյանն անդրադարձավ վաղքրիստոնեական հայկական կոթողների և իռլանդական բարձր խաչերի նմանություններին ու տարբերություններին, դրանցում ավետարանական տեսարանների առկայությանը, կոթողների տարածվածությանն ու դրանց արձանագրությունների վերլուծությանը, ինչպես նաև ոլորտի վերջին բացահայտումներին։ Ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան։
«Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 21-ը։