Օրեր առաջ «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության կողմից Հայաստանի պատմության թանգարան տեղափոխվեցին արժեքավոր նմուշներ, փաստավավերագրական նյութեր, որոնք արտացոլում են Ֆրանսիայի Մարսել քաղաքի Քէմբ Օտտօ կացարանում Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների առօրյան։ Տեղափոխվող նմուշներից մեկը՝ «Նանսենյան անձնագիրը», միության տնօրեն Ասդղիկ Արթին Լուսիքեանը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով նվիրաբերության համար, նշեց, որ այս բոլոր նմուշները, համադրվելով թանգարանում պահվող այլ ցուցանմուշների հետ, շուտով իրենց տեղը կգտնեն և հանրությանը կներկայացվեն Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունում։