Հայաստանի պատմության թանգարանում ավարտվեց այս տարվա Ամառային դպրոցը։
Հունիսի 9-ից 25-ը թանգարանը վերածվել էր կրթական եռուզեռի կենտրոնի. Ամառային դպրոցի 7-14 տարեկան պատանի մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն բացահայտելու պատմության գաղտնիքները, այլև իրենց ձեռքով ստեղծագործելու ևարարելու։
Տարիքային երկու խմբում երեխաներն անցան հետաքրքիր ու բովանդակալից ուղի.
 7-10 տարեկանների խումբը բացահայտեց Ուրարտուի թագավորությունը, ծանոթացավ բրոնզեդարյան գանձերին, կավագործության գաղտնիքներին, քրիստոնյա Հայաստանի պատմության, ինչպես նաև մեր ավանդական տարազներին։
 իսկ 11-14 տարեկանների խումբը տեղափոխվեց հայոց մայրաքաղաքների պատմության հորձանուտ, ուսումնասիրեց Կիլիկիայի թագավորության տոհմածառը, եկեղեցական աշխարհի հանդերձանքն ու աստիճանակարգը, ինչպես նաև «Ո՞վ եմ ես» ու «Անցյալի հետքերով» ծրագրերի միջոցով յուրովի ճանաչեց մեր ժառանգությունը։
Կրթական ծրագրի ավարտին բոլոր երեխաները ստացան պատվոգրեր Հայաստանի պատմության թանգարանի կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ մեծ հետաքրքրասիրության, էներգիայի ու թանգարանային օրերը ջերմությամբ լցնելու համար։