Օգոստոսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանի և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի համատեղ նախաձեռնությամբ «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ցուցասրահում տեղի ունեցավ ամիսներ շարունակ այնտեղ գործված գորգի կտրման և նվիրատվության հանդիսավոր արարողությունը։ Բացման խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի տնօրեն Րաֆֆի Մեգերյանը՝ կարևորելով նախաձեռնության դերը գորգագործական ավանդույթների պահպանման և տարածման գործում։ Հաջորդիվ Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Լիլիա Ավանեսյանը ներկայացրեց բնօրինակ նմուշի՝ 17-րդ դարով թվագրվող, Արցախի մետաքսե ասեղնագործ ծածկոցի առանձնահատկությունները և դրա զարդապատկերների խորհրդաբանությունը։ Միջոցառման ներկաները ևս հնարավորություն ունեցան մասնակցելու գորգի կտրման արարողությանը։ Հայաստանի պատմության թանգարանի և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի միջև ստորագրվեց նվիրատվության պայմանագիր, որից հետո թանգարանի անունից շնորհակալագիր հանձնվեց «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրին՝ «Դրվագներ ինքնության. գորգ» խորագիրը կրող ցուցադրության շրջանակներում աջակցություն ցուցաբերելու և համագործակցության համար։