Հոկտեմբերի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Դեղին գետի հիշողությունը» միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման արարողությունը։
Հիշեցնենք, որ ցուցադրությունն իրականացվել էր Հայաստանի պատմության թանգարանի, Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։
Բացման խոսքում թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը ընդգծեց, որ շուրջ երեք ամիս գործող ցուցադրությունը ոչ միայն հնարավորություն տվեց հայ այցելուներին անմիջականորեն հաղորդակցվել Չինաստանի հնագույն քաղաքակրթության ժառանգությանը, այլև նշանավորվեց այն հանգամանքով, որ Չինաստանի Շանսի թանգարանի հետ համագործակցությամբ առաջին անգամ Հայաստանում ներկայացվել էին բնօրինակ հնագիտական նմուշներ, ինչը դարձավ հայ-չինական մշակութային երկխոսության և գործընկերության կարևոր դրսևորում։
Միջոցառման շրջանակում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ, Շանսիի հին ճանապարհը․ Շանսիի քաղաքակրթության և միջազգային ցուցահանդեսի պատմությունը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Շանսի նահանգային հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Գաո Ջընհուայը։
Բանախոսը ներկայացրեց Շանսիի աշխարհագրական առանձնահատկությունները, տարածաշրջանում իրականացված կարևոր հնագիտական պեղումները, ինչպես նաև Շանսիի հնագիտական ժառանգության դերը չինական քաղաքակրթության ձևավորման և զարգացման գործընթացում։
Հաջորդիվ, Շանսի նահանգային հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Գաո Ջընհուայի գլխավորած պատվիրակությունը շրջայց ունեցավ թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներում։













