Հուլիսի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում ամփոփվեց «Հայրենադարձության շերտերը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի շրջանակներում շուրջ 40 զեկուցողներ ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք վերաբերում էին հայրենադարձության պատմությանն ու հիշողությանը, ներգաղթի և ինտեգրման գործընթացներին, ինքնության ձևավորմանը, սփյուռքի և հայրենիքի փոխհարաբերություններին, ինչպես նաև հետխորհրդային Հայաստանում հայրենադարձության քաղաքականությանն ու ժամանակակից մարտահրավերներին։ Գիտաժողովի ավարտին զեկուցող, Իրանից հայրենադարձված Արամ Գրիգորյանը թանգարանին նվիրեց իր ընտանիքի տոհմածառը։
Ընտրված զեկուցումները կտպագրվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական գիտական ժողովածուի հերթական համարում։