Հուլիսի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց հայրենադարձության 80-ամյակին նվիրված` «Հայրենադարձության շերտերը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր ողջույնի խոսքում կարևորեց հայրենադարձության պատմության բազմաշերտ ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի նորագույն պատմության առանցքային երևույթներից է։ Նա նշեց նման գիտաժողովների կարևորությունը պատմական հիշողության պահպանման, գիտական համագործակցության խթանման և հայրենադարձության թեմայի նոր դիտանկյուններից վերաիմաստավորման գործում։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը։
Գիտաժողովի ընթացքում Հայաստանում և արտերկրում գտնվող մեր հայրենակիցները անդրադարձան հայրենադարձների սոցիալական ու մշակութային ինտեգրմանը, խորհրդային շրջանի ներգաղթի գործընթացներին, ինչպես նաև տարբեր համայնքների, անհատների և ընտանիքների հայրենադարձության փորձառություններին։












