Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային համագործակցության շրջանակում, Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո, Հայաստանի պատմության թանգարանում մարտի 4-ին անցկացվեց աշխատաժողով, որի ընթացքում քննարկվեցին ԱՐՈՒՃԻ հնավայրի պատմական և հնագիտական նշանակությունը, դրա վերականգնման, թանգարանայնացման և զարգացման հեռանկարները` հայ-իտալական համագործակցության շրջանակում։
Բացման խոսքով հանդես եկան` աշխատաժողովի նախագահ և կազմակերպիչ, Արուճի ARC-HE-TOUR-DEV նախագծի համակարգող, ISMEO-ի փոխնախագահ, Արուճի պեղումների համաղեկավար Սերջո Ֆերդինանդին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Ալեսսանդրո Ֆերրանտին, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը և Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Նազենի Ղարիբյանը։
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Աշխատաժողովի բանախոսներն էին՝
Աստղիկ Բաբաջանյանը (Արուճի պեղումների համաղեկավար, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), ով հանդես եկավ «Հինգ տարվա գիտական համագործակցություն և համատեղ պեղումներ ՀԱԻ-ի և ISMEO-ի միջև» զեկուցմամբ,
Դանիելե Սանսոնին (Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի Քաղաքացիական ճարտարագիտության և համակարգչային գիտությունների բաժին)՝ «Արուճի միջնադարյան ամրոցը․ վերականգնման նախագծերի ներկայացում հայ-իտալական համագործակցության շրջանակում» զեկուցմամբ,
Անտոնիո Մեզիսկան («Archeoservizi» ընկերության գործադիր տնօրեն)՝ «Քաղաքային հնագիտական պարկի հանրահռչակում և արժևորում. միջազգային և իտալական փորձը» զեկուցմամբ,
Ջուզեպպինա Չինքուեն (Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի Քաղաքացիական ճարտարագիտության և համակարգչային գիտությունների բաժին)՝ «Համագործակցության շարունակություն․ Արուճի Սուրբ Գրիգոր բազիլիկայի նախնական ճարտարապետական ուսումնասիրություններ՝ վերականգնման նախագծի նպատակով» զեկուցմամբ։
Աշխատաժողովը ոչ միայն արդյունքների և նախագծերի ներկայացում էր, այլև մշակութային ավելի լայն ուղղության հաստատում, ըստ որի գիտական խստությամբ ուսումնասիրվող, պատասխանատու կերպով պահպանվող և հստակ ու հասկանալի ներկայացվող ժառանգությունը դառնում է կենդանի ռեսուրս` ժողովուրդների միջև երկխոսության, հիշողության փոխանցման և ապագայի կառուցման համար։
Հայաստանի պատմության թանգարանը բարձր է գնահատում աշխատաժողովի կազմակերպիչ կողմերի հետ տևական համագործակցությունը։














