Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Տարազ և նորաձևություն․ ավանդույթ և արդիականացում» խորագրով պանելային քննարկումը։
Քննարկումը վարեց թանգարանի մասնաճյուղերի գծով տեղակալ Արուսյակ Ղազարյանը։ Իր բացման խոսքում նա նշեց, որ Կանանց միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված այս միջոցառումը հրաշալի առիթ է միասին անդրադառնալու մեր ինքնության կարևորագույն արտահայտություններից մեկին՝ ավանդական հագուստին՝ բացահայտելով տարազի պատմությունն ու դրա փոխակերպումները ժամանակի ընթացքում։
Պանելային քննարկման բանախոսներն էին՝ ազգագրագետ, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության թանգարանի տնօրենի տեղակալ Սվետլանա Պողոսյանը, ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» հայկական հագուստի ապրանքանիշի հիմնադիր Վահե Քոթանյանը, Հայաստանի Նորաձևության Պալատի հիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը և դիզայներ, «Հարմոնի» նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Միքայել Դանիելյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի, մասնավորապես՝ թե ինչ դեր է խաղացել տարազը հայ կնոջ առօրյա և ծիսական կյանքում, ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել ավանդական հագուստը, արդյոք նորաձևության միտումներում նկատվում է երիտասարդ դիզայներների հետաքրքրությունը հայկական տարազի նկատմամբ և ինչ դժվարություններ կարող են առաջանալ ավանդական տարազի տարրերը ժամանակակից դիզայնում կիրառելիս։
Պանելային քննարկման ավարտին միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
Շնորհավո՜ր Կանանց միջազգային օրը։