Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ 2025 թ․ ընթացքում թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսը։
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի մասնաճյուղերի գծով տեղակալ Արուսյակ Ղազարյանը՝ ընդգծելով հրատարակչական գործունեության կարևորությունը թանգարանի գիտակրթական առաքելության շրջանակում։ Նա նշեց, որ հրատարակությունները ոչ միայն ամփոփում են թանգարանի գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, այլև նպաստում են մշակութային ժառանգության հանրահռչակմանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հետևյալ հրատարակությունները․
«Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի (1)15 և (2)16 համարները ներկայացրեց թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյանը՝ անդրադառնալով ժողովածուում տեղ գտած հոդվածներին և դրանց նշանակությանը մասնագիտական համայնքի համար։
«Ուժ և գեղեցկություն․ ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի Ք․ ա․ IV – Ք․ հ․ IV դարերի հավաքածուից» պատկերագիրքը ներկայացրեց հնագիտության և դրամագիտության բաժնի գիտական հետազոտող Արմինե Զոհրաբյանը՝ շեշտելով Անտիկ Հայաստանի նյութական մշակույթի բացառիկ նմուշների գեղարվեստական և պատմական արժեքը։
«Զորավար Անդրանիկ – 160» պատկերագիրքը ներկայացրեց նոր և նորագույն պատմության բաժնի ղեկավար Սեդա Գալստյանը՝ անդրադառնալով Զորավարի կենսագրական ուղուն և նրա գործունեության պատմական նշանակությանը։
«20 գլուխգործոց քարիդարյան Հայաստանից» գրքույկը ներկայացրեց հնագիտության և դրամագիտության բաժնի գիտական հետազոտող Անի Ադիգյոզալյանը՝ ներկայացնելով քարիդարյան մշակույթի կարևորագույն գտածոները։