«ԱՍՈՐԵՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԻԲԵՐԻԱ ԴԱՍԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՐՇԱԼՈՒՅՍԻՆ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
(22 սեպտեմբեր, 2014 – 4 հունվար, 2015)
Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում սեպտեմբերի 22-ին բացված «Ասորեստանից մինչև Իբերիա դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին:
Վերջինս շարունակությունն է ցուցահանդեսային մի մեծ նախագծի, որի երկու փուլերը կայացել են 2003թ. և 2008 թ.-ին երկու ցուցահանդեսներով` «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» և «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում»: Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել 2008 -ին կայացած ցուցահանդեսին՝ բրոնզեդարյան մշակույթի եզակի նմուշով:
Ներկայիս ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Արևմուտքի գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազդեցություններից Ք.ա. I հազարամյակում: Ցուցահանդեսում ներկայացված 260 նմուշները փոխառված են Արևմտյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների 14 հայտնի թանգարաններից:
Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայանում է ուրարտական արվեստի 9 բացառիկ նմուշներով, որոնք, ըստ Մետրոպոլիտենի թանգարանի մասնագետների և ներկայիս ցուցահանդեսի կազմակերպիչների, առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց ցուցադրության համար, որպես բացառիկ և արժեքավոր վկայություն՝ հավաստելով հայկական մշակույթի մշտառկա դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:
Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունը այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, հայկական բազմադարյան մշակույթի և արվեստի արժեվորման և հանրահռչակման բացառիկ պատեհություն է: