Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված էին Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսում։ Մեծածավալ ցուցահանդեսը նվիրված էր հայտնի իտալացի առևտրականի մահվան 700-ամյա տարելիցին, որի շրջանակներում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել ինչպես Իտալիայից ու Հայաստանից, այնպես էլ Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։
Ապրիլի 6-ից սեպտեմբերի 29-ը ընթացող ցուցադրությունն ունեցել է շուրջ 80000 այցելու։
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված էին այնպիսի նմուշներ, ինչպիսիք են Անիից պեղված 13-րդ դ․ փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի և հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից և Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով և պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե առարկաներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լևոն II և Լևոն III արքաների արծաթյա դրամները և այլ խորհրդանշական նմուշներ։
Ցուցանմուշներն այժմ կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության սրահներում։