Ք.ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհում պատմական ասպարեզ իջավ Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, որը ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Ուրարտու անունով: Ուրարտացիք իրենց երկիրը անվանում էին Բիայնիլի, Աստվածաշնչում այն հիշատակվում է` Արարատյան թագավորություն: Ներկայացված նմուշները վկայում են հին արևելյան տիպի բարձր մի քաղաքակրթության մասին` պետական կուռ կառուցվածքով, գրչությամբ, ուրույն ծիսակրոնական համակարգով, ծաղկուն քաղաքներով, արհեստներով ու արվեստով:

Ուրարտուն կործանվեց Ք.ա. 585 թ.` մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղված պայքարում: Ուրարտական պետականության անկումից հետո նույն տարածքում կազմավորվեց Հայոց Երվանդունիների թագավորությունը:

Ցուցահանդեսում ներկայացված են.

  • 1937-ից սկիզբ առած և մինչև օրս Հայաստանի տարածքում անընդմեջ շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 1000 գտածոների ընտրանի Թեյշեբաինի ամրոցից (Կարմիր բլուր), ինչպես նաև Հայաստանի տարածքում պեղված այլ հնավայրերից` Էրեբունի, Արգիշտիխինիլի – Արմավիր, Լոռի բերդ, Բջնի, Գեղհովիտ, Դվին, Թալին, Տավուշ
  • մետաղամշակության, ոսկերչության, խեցեգործության, որմնանկարչության նմուշներ, բրոնզե, կավե, փայտյա բարձրարվեստ արձանիկներ, զենքերի ու սպառազինության բազմապիսի տեսակներ` ուրարտական արքաներ Մենուայի, Արգիշտի Ա-ի, Սարդուրի Բ-ի, Ռուսա Ա-ի և այլոց սեպագիր արձանագրություններ, ի թիվս որոնց Ք.ա. 782 թ. Երևան քաղաքի հիմնադրման վկայագիրը: