Տիեզերքի ծագումն ու կառուցվածքն ըմբռնելու անվերջ փորձերից մինչև բնության, մարդու, կարգի և ժամանակի գոյության ընկալումներ․ ինչպիսի՞ առասպելաբանական պատմություններով, ծիսական գործողություններով ու խորհրդանիշներով է փոխանցվել տիեզերքի մասին գիտելիքը դարերի ընթացքում։
ՀՀ անկախության տոնին՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ին, կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» միջազգային ցուցադրությունը։ Այն առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբի Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանին։
Այս ցուցադրությունն այցելուին բացառիկ հնարավորություն կտա հանդիպելու տարբեր մշակութային միջավայրերի տիեզերագիտական պատկերներին ու գաղափարներին՝ հին աշխարհից մինչև միջնադար և արդի ժամանակներ։
Ցուցադրությունը նվիրված է ՀՀ անկախության 35 և Բեռլինի Թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։