Դեկտեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցահանդեսը իրականացվել է Հայաստանի պատմության թանգարանի և Տեր-Ղևոնդյան-Չորբաջյան ու Խաչատուրյան-Դևեջյան չորս մեծ ընտանիքների ժառանգորդ Արմինե Տեր-Ղևոնդյանի համագործակցությամբ։ Ցուցադրության շրջանակներում ներկայացվեց Արմինե Տեր-Ղևոնդյանի կողմից հավաքագրված նմուշների ուշագրավ ընտրանի, որը ներառում է ընտանեկան լուսանկարներ, պատմական վկայություններ, նամակներ, ձեռագործ պարագաներ և այլ արժեքավոր իրեր։ Նմուշները պատկերում են Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից չորս հայ ընտանիքների անցած երկար և բարդ ճանապարհը, որը սկսվում է 19-րդ դարի վերջից և ձգվում մինչև 20-րդ դարի կեսերը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը՝ ընդգծելով, որ ցուցադրությունը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալու այս բացառիկ իրերին, որոնք հանդիսանում են մեր ժողովրդի պայքարի, արժեքների և հիշողության իրական կրողներ, պատմում են բազմաթիվ տեղափոխությունների, անդառնալի կորուստների, ինչպես նաև նոր սկզբի և ստեղծագործ կյանքի մասին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արմինե Տեր-Ղևոնդյանը, ով իր խոսքում ընդգծեց ցուցադրության առանձնահատուկ նշանակությունն ու կարևորությունը։ Նա ընդգծեց նաև, որ ցուցադրության ավարտին ներկայացվող նմուշներից մեկը՝ Տեր-Ղևոնդյան-Չորբաջյան և Խաչատուրյան-Դևեջյան չորս մեծ ընտանիքների ժառանգության սփռոցիկը (հելունագործ ժանյակ), կնվիրաբերվի թանգարանին։
Ցուցադրությունը գործելու է երկու ամիս։