Ապրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Պատմական վերադարձ․ միջնադարյան գլուխգործոց Լոնդոնից» ցուցադրության փակ բացումը։
Ցուցադրությունը ներկայացնում է միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկը՝ 1188թ. հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որն այսուհետ կհամալրի մայր թանգարանի հավաքածուն։
Բացառիկ նմուշը Լոնդոնի միջազգային աճուրդից ձեռք է բերվել ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում, Մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Հյուրերը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի և թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի ղեկավար Աստղ Պողոսյանի ուղեկցությամբ դիտեցին նաև «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» ցուցադրությունը, որը ներկայացնում է 2025թ․ Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում հայտնաբերված քառանիստ կոթողը՝ 5-7-րդ դարերով թվագրվող։
«Պատմական վերադարձ․ միջնադարյան գլուխգործոց Լոնդոնից» ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում հանրության համար բաց կլինի ապրիլի 3-ից․ մուտքը՝ թանգարանի հիմնական ցուցադրության տոմսով։











