Մայիսի 16-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակում, Հայաստանի պատմության թանգարանը դարձավ պատմության, հիշողության և մշակութային ժառանգության շուրջ համախմբման յուրահատուկ հարթակ։ Մշտական ցուցադրությունների հետ մեկտեղ այցելուները հնարավորություն ունեցան դիտելու «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» և «Պատմական վերադարձ․ միջնադարյան գլուխգործոց Լոնդոնից» ժամանակավոր ցուցադրությունները, ինչպես նաև մասնակցելու երեկոյի կարևորագույն իրադարձությանը՝ երկարատև դադարից հետո մշտական ցուցադրության «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» հատվածի վերաբացմանը։
Ցուցադրության բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով շնորհավորեց բոլոր ներկաներին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության առթիվ և ընդգծեց, որ վերաբացված «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» մշտական ցուցադրությունը ոչ միայն պատմական հիշողության վերարժևորում է, այլև հարգանքի տուրք՝ մեր ժողովրդի անցած դժվարին, բայց հերոսական ճանապարհին։
Վերաբացված ցուցասրահներում ներկայացված են 20-րդ դարի առաջին տասնամյակների պատմությունը ներկայացնող բնօրինակ թանգարանային նմուշներ՝ լուսանկարներ, փաստաթղթեր, կնիքներ, Հայոց ցեղասպանության և Մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ բացառիկ վկայություններ, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդանիշներ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այցելուներին՝ այս հիշարժան երեկոն մեզ հետ անցկացնելու համար։