Ուղղանկյունաձև սպիտակ մետաքսյա ծածկոցի վրա ասեղնագործված է սյուժետային երկու տեսարան: Ծածկոցի մի կեսի վրա խորանի մեջ պատկերված է Հիսուսի հարության տեսարանը: Երուսաղեմը խորհրդանշող գմբեթավոր տաճարի առջևի պլանում պատկերված են Հիսուսի գերեզմանին այցի եկած յուղաբեր կանայք, որոնք զարմանքով տեսնում են գերեզմանը դատարկ: Կանանցից երկուսի ձեռքին մեկական սկիհ է՝ օծման համար բերած յուղով, երրորդ կնոջ ձեռքին փաթույթանման ինչ-որ առարկա:
Ձախում թափուր գերեզմանն է` վրան մակագրություն. «Է» (Էջմիածին): Գերեզմանի մոտ նստած հրեշտակը մատնացույց է անում դեպի վեր, ուր լուսաշող ճառագայթների մեջ սավառնում է հարություն առած Հիսուս Քրիստոսը` ծածանվող թիկնոցով, ձախ ձեռքին խաչվառ: Հիսուսը գլխին կրում է լուսապսակ: Աջ կողը խոցված է, ձեռքի ափին և ոտքի թաթին երևում են մեխերի հետքերը: Ծածկոցի երկրորդ կեսին ճառագայթարձակ շրջանի մեջ պատկերված է Աստծո Գառը՝ խաչադրոշը բռնած:
Ծածկոցի կենտրոնում երկու տողով արձանագություն է՝ Սբ Էջմիածնին ընծայաբերման մասին թվակիր արձագրությամբ:
Հավաքածու : Ազգագրական հավաքածու
Ժամանակաշրջան : Նոր շրջան (1823թ.)
Տարածաշրջան : Գաղթավայրեր (Կ. Պոլիս)
Նյութ : Մետաքս
Ինվենտար # : 8554