Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 9-10  տեղի ունեցավ «Դրամի աղբյուրագիտական արժեքը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի թողարկման 30-ամյակին։
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարութան մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Իր խոսքում թանգարանի տնօրեն Դ․ Պողոսյանը կարևորեց գիտաժողովի իրականացումը՝ նշելով, որ թանգարանը տարածաշրջանում խոշոր դրամագիտական կենտրոն է, որի հավաքածուները ձևավորվել են դեռևս 1920-ական թվականների սկզբին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Ա. Մարաբյանը նշեց 21-րդ դարում թանգարանների դերի կարևորության մասին, ավելացնելով, որ դրանք մշակութային ժառանգությունը պահպանող, հանրայնացնող, սերունդներին փոխանցող կառույցներ են և ներկայացվող թեման բոլոր ժամանակներում արդիական է, քանի որ դրամը տվյալ երկրի պետականության, պատմության կարևոր վկայությունն է, իսկ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հ. Խաչատրյանը խոսեց հայկական դրամի ստեղծման և կայացման մասին՝ ընդգծելով ազգային արժույթ ունենալու կարևորությունը։
Հանդիսավոր բացմանը հաջորդեց պանելային քննարկում՝ թանգարանի փոխտնօրեն Նժդեհ Երանյանի, տնտեսագետ, տ․ գ․ թ․, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի և Կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար Գևորգ Թումանյանի մասնակցությամբ, ովքեր ներկայացրին սեփական արժույթի կարևորությունը տնտեսության կայացման գործում և ազգային դրամի ներդրմանը նախորդող և հաջորդող ժամանակաշրջանի և իրադարձությունների մասին։
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան քառասունից ավելի մասնակիցներ Հայաստանից և արտերկրից։
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` Ծրագիր