Մեծ ուրախությամբ հայտնում ենք, Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի անվանի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանին, ով իր մրցանակը նվիրաբերեց Հայաստանի պատմության թանգարանին։
Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, գիտության, մշակույթի ոլորտի գործիչներ, լրագրողներ և մրցանակակրի ընտանիքի անդամները։ Իր խոսքում ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց մեծանուն գիտնականին և ողջունեց նման որոշումը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց այս խորհրդանշական քայլը ոչ միայն գիտական ոլորտի նվաճումների արժևորման, այլև գիտության ոլորտի զարգացման, գիտությամբ զբաղվելու խրախուսման, կրթության տեսանկյունից։
Իր խոսքում մեր ժամանակների լավագույն գիտնականն ասաց․ «Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ մի օր ես Նոբելյան մրցանակի կարժանանամ ու հետո էլ այն կհանձնեմ Հայաստանի պատմության թանգարանին, չէի հավատա ու կմտածեի, որ կատակում են։ Այս մրցանակը ստանալն ինձ համար անակնկալ էր, բայց միևնույն ժամանակ հույս ներշնչող մի իրադարձություն, հատկապես երիտասարդ ուսանողների համար։ Կարծում եմ, որ սա հաղորդագրություն է նրանց համար․ եթե ինձ հետ պատահել է, ապա իրենց հետ էլ կարող է պատահել»։
Ա․ Փաթափությանը սիրով պատասխանեց հանդիպմանը ներկա լրատվամիջոցների հարցերին, գրառում թողեց թանգարանի տպավորությունների գրքում, ապա շրջայց կատարեց թանգարանում գործող ցուցադրական տարածքներում։
Հայազգի նոբելյան մրցանակակրի՝ իր կողմից ներկայացված կենսագրական մանրամասներին և նրա մրցանակին կարելի է ծանոթանալ Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ մեծարժեք նվիրատվությունը կցուցադրվի առաջիկա ամիսներին։
Շնորհակալություն ենք հայտնում հարգարժան գիտնականին՝ Արտեմ Փաթափությանին, այցի և նվիրատվության համար և սիրով հրավիրում ենք մեր այցելուներին տեսնելու առաջին Նոբելյան մրցանակը Հայաստանում և ծանոթանալու մեր անվանի գիտանականի անցած ուղուն և ապագայի մտորումներին։