Հունիսի 13-ին «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ պանելային քննարկում՝ «Հնագիտությունը որպես մասնագիտություն․ սերունդների երկխոսություն» խորագրով։
Քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ․գ․թ․ Նժդեհ Երանյանը։ Քննարկման ընթացքում պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, պ․գ․թ․, դոցենտ Բենիկ Վարդանյանը խոսեցին ոլորտում առկա ներկայիս հիմնախնդիրների մասին։ Խոսնակները ներկայացրին ոլորտում գերակա խնդիրները՝ իրավական կարգավորումների բացը, վանդալիզմի և գանձագողության դեպքերի հաճախականությունը, երիտասարդ կադրերի պակասը և այլն։ Անդրադարձան նաև արհեստական բանականության ինտեգրմանը հնագիտական աշխատանքների և պեղումների գործընթացում։
Քննարկման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան: