Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և ցուցահանդես՝ նվիրված ականավոր գիտնական, պետական գործիչ, ՀՀ ԳԱԱ նախագահ (1993-2006 թթ․) Ֆադեյ Տաճատի Սարգսյանի 100-ամյակին։

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ընդգծեց թանգարանի կողմից նման ականավոր հայորդիների կյանքն ու գործունեությունը լուսաբանելու կարևորությունը։ Բանախոսությամբ հանդես եկավ թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, ով ներկայացրեց Ֆադեյ Սարգսյանի անցած ուղին։ Ականավոր գիտնականի գործունեությանն անդրադարձան և հուշեր պատմեցին մի շարք հյուրեր, այդ թվում՝ տ․գ․դ․ պրոֆեսոր Յուրի Շաքուրյանը, պ․գ․թ․ Ռուբեն Միրզախանյանը, պ․գ․թ․, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, լրագրող Ռոբերտ Մաթոսյանը, Ֆիլատելիստների միության փոխնախագահ Էդուարդ Կուրղինյանը, ով թանգարանին նվիրեց Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակի կապակցությամբ Հայփոստի կողմից թողարկված նամականիշը և ծրարի առաջին նմուշը։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են Ֆադեյ Սարգսյանին պատկանող մի շարք անձնական իրեր, այդ թվում՝ Երիտասարդության պալատի խորհրդանշական բանալին, Երևանի մետրոպոլիտենի խորհրդանշական բանալին տուփի մեջ, հուշամեդալներ, ինչպես նաև Ֆադեյ Սարգսյանի կյանքին և գործունեությանը նվիրված գրքեր։

Միջոցառման ավարտին Ֆադեյ Սարգսյանի դուստրը՝ Թամարա Սարգսյանը, Հայաստանի պատմության թանգարանին նվիրեց խորհրդային ժամանակաշրջանի 5 լուսանկարների ալբոմներ, արխիվային լուսանկարներ, ինչպես նաև ձայնասկավառակներ։