Ապրիլի 16-ին ամփոփվեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում իրականացվող միջազգային բանախոսությունների շարքը։ Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնի տնօրեն Մաքսիմիլիեն Դյուրանը ներկայացրեց «ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ԲԱԺԻՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ» բանախոսությունը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը, ով նշեց, որ այս նախաձեռնությունը կարևոր հարթակ է մշակութային երկխոսության խորացման և միջազգային համագործակցության ամրապնդման համար։ Նա շնորհակալություն հայտնեց Մաքսիմիլիեն Դյուրանին և նրա թիմին՝ արդյունավետ համագործակցության և համատեղ ցուցահանդեսի իրականացման համար՝ ընդգծելով, որ սա կարևոր փորձառություն էր Հայաստանի և աշխարհի առաջատար թանգարանների միջև կապերի հետագա զարգացման տեսանկյունից։
Մաքսիմիլիեն Դյուրանը ներկայացրեց Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստի բաժնի ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը: Այն Լուվրի ցուցասրահներում անհրաժեշտ «կապող օղակ» կդառնա Արևելքի և Արևմուտքի միջև, և այս պատմական նախագծում Հայաստանը շատ կարևոր տեղ ունի։ «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունն այդ համագործակցության նշանակալի փուլ է։
 Հիշեցնենք, որ «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը կարող եք դիտել մինչև մայիսի 16-ը:
 Տոմսերը հասանելի են նաև առցանց․ https://museumsarmenia.am/am/events/145