Միջազգային բացառիկ ցուցադրությունը Հայաստանում` գաղափարից մինչև իրականացում. «Ֆրանկոֆոնիայի օրեր 2026»-ի շրջանակում ապրիլի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց պանելային քննարկում` «Մի ցուցադրության պատմություն. Սրբազան երկխոսությունը. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով։
Բանախոսներն էին` Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Արկանել» ընկերության տնօրեն Կարեն Խաչատրյանը, Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար, ցուցադրությունների համադրող, անկախ փորձագետ Մարինե Հարոյանը։ Պանելային քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։
Քննարկման առանցքում «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրությունն էր` կազմակերպման գաղափարից և հայեցակարգից մինչև իրականացման աշխատանքներ և գրանցած արդյունքներ։ Անդրադարձ եղավ հաղթահարված մարտահրավերներին, մշակութային երկխոսության ամրապնդմանը, միջազգային ցուցադրությունների ընթացքում մշակութային արժեքների տեղափոխման և անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներին, համադրական լուծումներին, ինչպես նաև հայաստանյան թանգարանային ցուցադրությունների ոլորտում նոր չափանիշների ձևավորմանը։
Հիշեցնենք, որ «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 16-ը. շտապե՛ք այցելել։
Տոմսերը հասանելի են նաև առցանց` museumsarmenia.am կայքում։