Ս. թ. հունվարի 26–ից 28-ը Հայաստանի պատմության թանգարանի պատվիրակությունը՝ տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել է Բեռլինում։
Այցի առանցքային իրադարձությունը Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի «Թանգարանային կղզու» Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։ Հունվարի 27-ին «Նոյես թանգարանում» Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժ/պ դոկտ. Դավիթ Պողոսյանը և Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն պրոֆ. դոկտ. Մաթիաս Վեմհոֆը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի, Պրուսիայի ժառանգության հիմնադրամի ներկայացուցիչների և այլ գործընկերների ներկայությամբ ստորագրեցին հուշագիր:
Հուշագրի շրջանակում առաջին անգամ հատուկ ձևաչափով Հայաստանի պատմության թանգարանը կհյուրընկալի Բեռլինի «Թանգարանային կղզու» մի շարք թանգարաններից ընտրված բացառիկ մի հավաքածու, որի մեջ ներառված ցուցանմուշներից որոշները կցուցադրվեն առաջին անգամ՝ համադրվելով Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի հետ, իսկ համատեղ ցուցադրության բացումը նախատեսվում է այս տարի` սեպտեմբերի 21-ին։ Հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Բեռլինի «Թանգարանային կղզին» առաջին անգամ է նման ծավալով հանդես գալու արտերկրյա որևէ թանգարանում։
Համագործակցության հաջորդ կարևոր փուլը կլինի 2027 թվականին Բեռլինում կայանալիք փոխադարձ ցուցադրությունը, որի շրջանակում Բեռլինի «Թանգարանային կղզում» առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը։
Միաժամանակ համագործակցության շրջանակում նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանի և Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև փորձի փոխանակում, համատեղ գիտական և մշակութային միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև հետազոտական և մասնագիտական զարգացման համատեղ ծրագրերի իրականացում։
Հայաստանի Հանրապետության Կրթության գիտության մշակույթի և սպորտի ու Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ թանգարանների համագործակցությունը սկսվել է 2021 թվականից։
Աշխատանքային այցի շրջանակում թանգարանի պատվիրակությունն այցելել է նաև «Պետրի տուն» հնագիտական կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, մասնավորապես՝ վերականգնման լաբորատորիայի, բաց ֆոնդերի աշխատանքին և կրթական ծրագրերին։ Այցի ընթացքում հանդիպում է կայացել նաև Գերմանիայի հնագիտության ինստիտուտի Եվրասիական մասի տնօրեն Սվենդ Հանսենի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ գիտահետազոտական ծրագրերի շարունակման մանրամասներ։






