Երեկ՝ ապրիլի 22-ին, Հայաստանի պատմության թանգարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի համագործակցությամբ տեղի ունեցավ պ․գ․դ․, պարուսույց, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, գիտությունների վաստակավոր գործիչ Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» մենագրության երկրորդ հատորի շնորհանդեսը։
Գիրքը նվիրված է հայ ժողովրդի բազմադարյա պարային, բառային և երաժշտական արվեստներին՝ ներկայացնելով հատկապես 19-րդ դարի վերջից և 20-րդ դարի սկզբից պահպանված ժողովրդական պարերն ու թատերական ներկայացումները։ Գրքի հայերեն հրատարակությունը կյանքի է կոչվել Հակոբ Սողոմոնյանի թարգմանությամբ, իսկ ամբողջ աշխատանքը համակարգել և խմբագրել է պրոֆեսոր Կարեն Գևորգյանը։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն, մ․գ․թ․, դոցենտ Դավիթ Պողոսյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ, արվեստագիտության թեկնածու, էթնոպարագետ Նաիրա Կիլիչյանը, Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը և գրող, թարգմանիչ Հակոբ Սողոմոնյանը։
Բանախոսները ներկայացրին կատարված ծավալուն աշխատանքը, անդրադարձան գրքի ստեղծման ու հրատարակման ընթացքին՝ ընդգծելով գործընթացի դժվարություններն ու մարտահրավերները և կարևորեցին նման նախաձեռնությունների դերը հայ մշակութային ժառանգության պահպանման գործում։
Երեկոն առանձնացավ նաև խորհրդանշական կատարումներով․ ՀՊՄՀ ուսանողները ներկայացրին գրքում հիշատակված պարային շարժումներ՝ վերակենդանացնելով հայկական հինավուրց պարարվեստը։