Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի Առաջին մրցանակակիր՝ Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրության բացմանը, որն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Նիդերլանդներում Մոնդրիան հիմնադրամի աջակցությամբ։
Մամուլի ասուլիսին ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն․Գ․ պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ովքեր կարևորեցին մշակութային համագործակցության դերը՝ նշելով, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն։
Խորհրդանշական է նաև, որ այժմ Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում գործում է Հայաստանին նվիրված ցուցադրություն՝ «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով։
Հիշեցնենք, որ ցուցադրության բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում։