Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Զենք․ պայքար և մշակույթ» խորագրով ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը։ Ելույթով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ ներկայացնելով ամիսների ընթացքում ցուցահանդեսի արդյունքները, դրա շրջանակներում իրականացված միջոցառումները, բանախոսությունները, կրթական ծրագիրը, հուշանվերների համալրումը: Շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի գործընկերներ «Ասպար Արմ» ՍՊԸ-ին, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանին, Երևանի պատմության թանգարանին և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին՝ ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար։ Նշենք, որ ցուցադրվել է շուրջ 150 ցուցանմուշ։ Ցուցադրության ընթացքում իրականացվել է 6 բանախոսություն, 1 ինտերակտիվ կրթական ծրագիր, պատրաստվել է հատուկ հուշանվերային տեսականի և այլն։ Ցուցադրությունը դիտել է մոտ 40000 այցելու։

Ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով ցուցահանդեսը 360 աստիճան թվային շրջագայությամբ հասանելի կլինի թանգարանի պաշտոնական կայքէջում։

Շնորհակալ ենք այցելության և աջակցության համար: