Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 15-ին, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ 2024 թ․ ընթացքում թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառքը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը, ով ներկայացրեց թանգարանի կողմից հրատարակված գրքերը և նրանց հեղինակներին։ Ա. Ղազարյանը ընդգծեց շնորհանդեսի կարևորությունը՝ թանգարանի կողմից իրականացված հրատարակությունների հանրահռչակման տեսանկյունից։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին “Mother Goddess: From Anahit to Mary’’ («Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ») պատկերագիրքը, “The Urartian Royal Bowls’’ («Ուրարտական արքայական թասերը») պատկերագիրքը, «Երվանդ Լալայան/ Անտիպ նամակներ» գիրքը, «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 13-րդ և 14-րդ համարները։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակներում, Հայաստանի պատմության թանգարանի վաճառասրահի բոլոր գրքերի համար գործում է 10% զեղչ։