ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Միջոցառումներ

Միջոցառումներ

ՎԱՆԱՁՈՐԻ ՈՍԿՅԱ ԳԱՎԱԹԸ

 

ՎԱՆԱՁՈՐԻ ՈՍԿՅԱ ԳԱՎԱԹԸ

Հայկական լեռնաշխարհի միջին բրոնզեդարյան արհեստների մեջ բացառիկ տեղ են գրավում ոսկերչությունը և արծաթագործությունը: Դրա վառ վկայությունն են Թռեղք-վանաձորյան մշակույթին վերագրվող դամբարանային համալիրներից (Թռեղք, Վանաձոր, Լոռի Բերդ, Քարաշամբ և այլն) հայտնաբերված բարձրարժեք ոսկյա և արծաթե իրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը նշեց, որ այդ գտածոների շարքում իր ուրույն տեղն ունի Վանաձորի դամբարանում հայտնաբերված ոսկյա գավաթը (մ.թ.ա. XVIII – XVII դդ.), որը Հայաստանի միջին բրոնզեդարյան ոսկերչական արվեստի եզակի և ինքնատիպ նմուշներից է: Այն հայտնաբերվել է 1948թ.՝ ականավոր հնագետ, արևելագետ Բորիս Պիոտրովսկու կողմից:

«Գավաթը պատրաստված է ոսկու ամբողջական թիթեղից, ունի 6,7 սմ բարձրություն և 9,1 սմ տրամագիծ: Կշռում է  110,4 գ: Կիսագնդաձև գավաթի իրանը զարդարում են դեմ առ դեմ կանգնած, երախները բաց երեք զույգ առյուծներ, որոնք արված են կրկնակի դրվագման եղանակով: Առյուծների պատկերները եզերված են զարդագոտիներով: Թասի վերին և ստորին զարդագոտիները հարդարված են փորագիր երկրաչափական պատկերներով: Կենդանիների գլխին, ազդրերին, գավակին և թաթերին նախշազարդ գոտիներ են, երախներում՝ երկու հատվող գծեր: Տպավորությունն այնպիսին է, որ կենդանիները ինչ-որ հագուստ են կրում մինչև գավակը, որոնք ավարտվում են ոտքերին կապված կապերով: Հավանաբար, դրանով վարպետը ցանկացել է ընդգծել առյուծի պաշտամունքային-ծիսական դերը: Գավաթն ունեցել է կանթ, որը, ցավոք, չի պահպանվել»,-պատմեց Ջուլիետտա Կարապետյանը:

Նրա խոսքով` ծիսական գավաթը հայտնաբերվել է ցեղապետին պատկանող դամբարանից՝թաղման հարուստ գույքի հետ, ինչը վկայում է միջին բրոնզեդարյան հասարակության մեջ ոսկու և ոսկյա իրերի առանձնահատուկ դերի մասին: Հնարավոր է, որ մենք գործ ունենք ոսկու սրբազնացման երևույթի հետ: Եվ բոլորովին պատահական չէ, որ ոսկին կիրառվել է կենտրոնացված և հիերարխիկ սոցիալական կառուցվածքի պայմաններում, իսկ ոսկյա իրերը ընդգծել են տիրոջ հասարակությունում զբաղեցրած բարձր դիրքը:

Թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատողը հատկանշական համարեց այն, որ Վանաձորի գավաթը, իր վրա կրելով առաջավորասիական, հատկապես, խեթական մշակույթի ազդեցությունը, միաժամանակ ոսկերչական, արծաթագործական ինքնատիպ մի «դպրոցի» արգասիք է: Այդ բարձրարվեստ «դպրոցը» ձևավորվել է Թռեղք-վանաձորյան մշակույթի տարածման սահմաններում և կրել է Կուր-արաքսյան հզոր մշակույթի ազդեցությունը՝  օգտագործելով այդ մշակույթին բնորոշ զարդամոտիվները:

Վանաձորի գավաթը բազմիցս ներկայացվել է Փարիզում, Նանտում, Լիոնում, Առլում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ցուցահանդեսներում: Այժմ այս բացառիկ գավաթը Թեհրանում գործող «Հայաստան-Իրան. հողի հիշողությունը» ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվում է Իրանի ազգային թանգարանում:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ | ©️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆ | 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ

 
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ

Լոռի Բերդը Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարաշրջանների ամենանշանավոր հուշարձաններից է: Այն ներառում է ավելի քան մեկ ու կես հազարամյակ անընդմեջ միմյանց հաջորդող ժամանակաշրջաններ, սկսած միջին բրոնզի վաղ փուլերից մինչև Վանի թագավորության անկումը: Լոռի բերդի պեղումներից հայտնաբերված արվեստի ինքնատիպ գտածոները կարևոր տեղ են գրավում ոչ միայն Հայաստանի և Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանն ասաց, որ Լոռի Բերդի 56-րդ դամբարանի գեղարվեստական բարձրարժեք իրերի մեջ առանձնանում է գավաթը, որը պատրաստված է արծաթյա թիթեղից՝դրվագման եղանակով: «Անոթի իրանը բոլորված է խոշոր հատիկազարդով հարդարված գոտիներով: Գավաթի կենտրոնական մասով անցնում է մարտակառքի և հեծյալների պատկերներով դրվագված գոտին՝ 4 սմ լայնությամբ: Գոտին արմավենիներով բաժանվում է երեք հատվածի: Առաջինում պատկերված է մարտակառք, որի թափքին կանգնած են երկու անձ: Առաջինը մորուքավոր կառապանն է՝սրածայր սաղավարտով և երկարաճիտ կոշիկներով: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, կառամարտիկն է, թեև, հնարավոր է, որ պատկերվածը թագավորն է: Վերջինս կանգնած է դեմքով դեպի ետ շրջված: Հագին երկարափեշ հագուստ է, գլխին՝սրագագաթ սաղավարտ, աջ ձեռքում վահան է, իսկ ձախում՝ նիզակ: Մարտակառքին լծված ձիու ճակատը զարդարված է եղջյուրանման փետրափնջով: Մարտակառքի ետևից սրընթաց արշավում են երեք սաղավարտակիր, մորուքավոր հեծյալներ: Հեծյալները մի ձեռքով պահում են սանձերը, մյուսով՝մտրակում ձիերին: Ձիերը շքեղորեն հանդերձավորված են, վզին կրում են գոտիներ, թամբի վրա՝ զարդարուն ծածկոցներ: Բաշերը խնամքով կտրած են և հարդարված, պոչերի ծայրին փնջիկներ են, ոտքերին նշված են սմբակները»,-պատմեց նա:

Ջուլիետտա Կարապետյանի խոսքով` հորինվածքի սյուժեն հայտնի է հին արևելյան՝ուրարտական և ասորեստանյան քանդակարվեստից: Այսպես, գործող անձիք կրում են ուրարտացիներին բնորոշ հանդերձանք և սպառազեն: «Ձիերի հանդերձավորումը և ձիու գլխի հարդարանքը ևս կրում են հին արևելյան ոճական ազդեցությունը: Թեև ձիերի պատկերները լիովին տարբերվում են ուրարտական կամ ասորեստանյան նրբիրան և երկարավիզ և կապված պոչերով նժույգներից»,-ասաց ավագ գիտաշխատողը, հավելելով, որ մեկ ձեռքով ձիերի գավակին հարվածող ձիավորներ հայտնի են Արինբերդի ուրարտական դամբարանի բրոնզե գոտու որսի տեսարանի մեջ:

Կերպարների ճտքավոր կոշիկները նման են Կարմիր բլուրի կոշկաձև անոթներին: Ինչ վերաբերում է արմավենիների պատկերներին՝դրանք առավել տարածված են եգիպտա-ասորա-բաբելոնական միջավայրում: «Այսպիսով, գավաթի զարդագոտին իր թեմատիկայով և պատկերագրությամբ հին արևելյան է, ուրարտական և ասորական հետաքրքրիր տարրերի առկայությամբ»,-նշեց Կարապետյանը:

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ | ©️ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆ | 16 ՀՈՒՆՎԱՐԻ