Մայիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Անի․«Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացման արարողությունը։

Բացման արարողությանը ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Նա կարևորել է ցուցադրության վերաբացումը՝ արժևորելով ներկայացված բացառիկ ցուցանմուշները․ «Շուրջ 4 տարի ընդմիջումից հետո Հայաստանի պատմության թանգարանը կրկին ցուցադրելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հայկական Անի մայրաքաղաքից բերված, համամարդկային պատմամշակութային արժեք ունեցող հավաքածուի մի մասը։ Թանգարանի հավաքածուում ընդգրկված Անիի մի շարք նյութեր էլ այժմ ցուցադրվում են Վենետիկի հայտնի Դոժերի պալատում՝ Մարկո Պոլոյի մահվան 700-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի շրջանակում»:

Ցուցադրության շրջանակներում ներկայացված է շուրջ  350 առարկա Անիից և Դվինից (գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դդ․ թվագրվող մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտներ), ինչպես նաև կոթողներ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։