Հունվարի 25-ին, Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված հայտնի հնագետ, Անիի պեղումների մասնակից Աշխարհբեկ Քալանթարի կյանքին ու գործունեությանը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով կարևորելով ցուցահանդեսը, ընդգծեց Աշխարհբեկ Քալանթարի կարևոր դերակատարումը Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր հավաքածուի կազմավորման գործում։ Ցուցահանդեսում ներկայացված են Աշխարհբեկ Քալանթարի անձնական լուսանկարներից, փաստաթղթերից, պեղումների ժամանակ իր կողմից արված լուսանկարներից, իր հեղինակած հոդվածը, Հայաստանում հնագիտության մասին առաջին դասագիրքը և այլն։ Բացման արարողությանը հաջորդեց պ․գ․թ․ Կարեն Բայրամյանի բանախոսությունը՝ «Քալանթարը՝ հայագիտության երախտավոր» խորագրով։ Բանախոսը ներկայացրեց վիմագրերի առաջին ուսումնասիրող, Անիի 13-րդ արշավախմբի ղեկավար Աշխարհբեկ Քալանթարի կյանքի ու գործունեության վերաբերյալ ուշագրավ փաստեր, խոսեց հնագիտության ասպարեզում նրա ունեցած կարևոր դերի մասին։