Հունիսի 22-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և ցուցադրության բացում՝ նվիրված հայազգի ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) 85-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ևս մեկ անգամ կարևորելով նորագույն պատմության մեջ մեծ ավանդ ունեցած ռազմական և պետական գործիչ Կոմանդոսի դերակատարումը՝ ընդգծեց ցուցադրության անհրաժեշտությունը ապագա սերունդների կրթության և հայեցի ոգով դաստիարակման գործում։ Դ․ Պողոսյանը իր ելույթի ավարտին շնորհակալություն հայտնեց ընտանիքի անդամներին՝ Կոմանդոսի ձևավորած ավանդույթը շարունակելու և թանգարանին նոր իրեր նվիրաբերելու համար։ Բանախոսությամբ հանդես եկավ ՀՊԹ Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, իսկ մարտական ընկերներն ու հարազատները պատմեցին Կոմանդոսի կյանքի և գործունեության հետ կապված հետաքրքիր դրվագներ և հիշողություններ։ Կոմանդոսի որդին՝ Հայկ Տեր-Թադևոսյանը, թանգարանում գտնվող հավաքածուն համալրելու նպատակով թանգարանին նվիրաբերեց նաև Կոմանդոսի գրիչը, օպտիկական սարքը և «Բուսիդո» (Սամուրայի վարքագիրք) գիրքը՝ նվիրված Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 75-ամյակին։ Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։