Դեկտեմբերի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Երեկ և այսօր․Ժակ դը Մորգանի հետքերով» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։

Բացմանը ներկա էին և խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դը Կոտինյին, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրեց, որ ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ Ֆրանսիայից Հայաստան են բերվել և Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան հինգ ուշագրավ ցուցանմուշներ, որոնք ներկայացված են դեռ 1990-ական թթ․ հայ-ֆրանսիական արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված և ՀՀ թանգարաններում պահվող ավելի քան վեց տասնյակ հնագիտական առարկաների համադրությամբ։ Դավիթ Պողոսյանը ընդգծեց նաև նման բացառիկ իրադարձությունների կարևորությունը մշակութային ոլորտի զարգացման գործում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ նմանատիպ միջազգային կապերի ընդլայնումը կարևոր է թանգարանների միջև փոխգործակցության զարգացման տեսանկյունից։
Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն և մյուս հյուրերը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջայց ունեցան «Երեկ և այսօր․Ժակ դը Մորգանի հետքերով» ցուցասրահում։

Ցուցադրությունը կգործի մինչև 2025 թ․ մարտի 11-ը։