Մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո կայացավ «Թիֆլիսի Ներսիսյան դպրոց-200» խորագիրը կրող պաստառների ցուցահանդեսի բացման արարողությունը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրական պաստառների միջոցով ներկայացվել է դպրոցի հիմնադրման պատմությունը՝ զուգորդված նշանավոր ներսիսյանցիների և արխիվային փաստաթղթերի լուսանկարներով:
Ցուցադրության բացմանը հաջորդեց հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի բանախոսությունը, որի ընթացքում բանախոսը ներկայացրեց Ներսիսյան դպրոցի պատմությունը և գործունեությունը։ Նա նշեց, որ Ներսիսյան դպրոցը նշանակալի դերակատրում է ունեցել հայ հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի զարգացման վրա, ինչը փաստում են դպրոցի սաների ունեցած հետագա մեծ ձեռքբերումները։
Բացմանը ներկա էին Վրաստանում եւ Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք։