Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համակայկական միության հետ համատեղ։

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ նշելով, որ ցուցադրությունում ներկայացված հնագիտական, ազգագրական, փաստավավերագրական եզակի նմուշները մեզ համար այսօր մասունքային նշանակություն ունեն, քանի որ այդ տարածքներում այլևս դժվար է գտնել հայկական հետք։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համակայկական միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ ցուցադրության նպատակն է ներկայացնել հայկական տարածքների պատմամշակութային ժառանգությունը, որը հարյուրամյակների ընթացքում կուտակել են Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում ապրած մեր հայրենակիցները։ Ելույթ ունեցան նաև պ․գ․թ․, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ում հավաքածուից որոշ քարտեզներ տեղ են գտել ցուցադրությունում։

Ցուցադրությունում տեղ գտած շուրջ չորս տասնյակ ինքնատիպ նմուշներն ընդգրկում են պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ և մի շարք այլ արժեքավոր նմուշներ՝ հնարավորություն տալով պատկերացում կազմել դարերի ընթացքում վերոնշյալ տարածքներում հայ ժողովրդի ստեղծած մշակույթի մասին։

Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։