Հայաստանի պատմության թանգարանի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ հոկտեմբերի 16-ին՝ Հացի և պարենի համաշխարհային օրը, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը, ով նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսելու հացի՝ որպես ազգային ինքնության, մշակույթի և հիշողության խորհրդանիշի մասին։ Այս ցուցադրությունը՝ ստեղծված թանգարանի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ, վկայում է, որ մշակութային ժառանգությունը կարող է նոր կյանք ստանալ ստեղծագործ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների միջոցով։
Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյանը՝ իր ողջույնի խոսքում շեշտեց, որ ցուցադրությունը կարևոր քայլ է հայկական հացի մշակույթի՝ որպես հայերի ինքնության կարևորագույն օղակներից մեկի հանրայնացման և պահպանման գործում։ Նա ընդգծեց, որ լավաշը ոչ միայն սնունդ է, այլև ընտանիքները միավորող, սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ։
«Աղ ու հացի դերը հայկական մշակույթում» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը։ Բանախոսը ներկայացրեց հացի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կենցաղում, սովորույթներում և ավանդույթներում, ինչպես նաև խոսեց հյուրընկալության ազգային ձևերի, հացին և նրա հետ կապված առարկաներին վերագրվող գերբնական հատկանիշների ու նրանցից բխող մոգական բազմապիսի գործառույթների մասին:
Միջոցառումը շարունակվեց հացին նվիրված ծիսական երգերով` «Ակունք» ազգագրական համույթի կատարմամբ։
Շուրջ 20 յուրօրինակ պատմություն և անուն, որոնց նպատակն է այցելուներին ևս մեկ անգամ ցուցադրել լավաշի ծանոթ և անծանոթ կողմերը։ Հացթուխի վարպետությունը և լուսանկարչի հմտությունը միահյուսվել են` ստեղծելով լավաշների շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը, ձևը և պատմությունը։

























