Նոյեմբերի 30-ին Օմանի ազգային թանգարանում հանդիսավոր կերպով բացվեց «Խնկի ճանապարհին․ Հայաստան» յուրօրինակ միջազգային ցուցահանդեսը։
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցան Օմանի Սուլթանության Արտաքին գործերի նախարարության մշակութային համագործակցության բաժնի ղեկավար, դեսպան Աբդուլահ բին Համադ Ալ-Ռայամին, Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։
Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ուշագրավ բուրվառներ (Անի, 13-րդ դար և Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, 18-րդ դար) վեց ամսով համադրվեցին Օմանի ազգային թանգարանի «Խնկի երկիր» ցուցադրական հատվածում տեղակայված և Օմանից ու աշխարհի այլ երկրներից խնկի մշակույթին վերաբերող ցուցանմուշների հետ։
Ցուցահանդեսի գաղափարը քննարկվել էր Օմանի Ազգային թանգարանում այս տարվա փետրվարին Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանի և Օմանի ազգային թանգարանի գլխավոր-քարտուղար Ջամալ Ալ-Մուսավիի հանդիպման ընթացքում։ Առաջիկա տարիներին նախատեսվում է շարունակել երկու թանգարանների համատեղ ցուցադրական գործունեությունը Հայաստանում և Օմանում։

Միջազգային ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի ազգային թանգարանի համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։