Դեկտեմբերի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով մշտական ցուցադրության սրահի վերաբացման արարողությունը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունը այցելուներին հնարավորություն կտա պատկերացում կազմել Կիլիկիայի հայկական թագավորության մասին, որը շատ կարևոր և առանցքային փուլ է հայ ժողովրդի կյանքում։ Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբ ՀԿ-ին և Նունե Քարամյանին՝ ցուցադրության կազմակեպմանն աջակցելու համար։
Ցուցադրության մեջ ներառված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ։ Ներկայացված նմուշներն ընդգրկում են 11-14-րդ դարերն ընկած ժամանակահատվածը և համալրված են նոր լուծումներով, տեղեկատվական նյութերով ու ֆիլմերով։