Օգոստոսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց ցուցադրության կարևորությունը՝ Հայաստանի սահմանների դեմ իրականացվող կեղծ քաղաքականությունը կանխելու և մարդկանց գիտելիքները խորացնելու տեսանկյունից։ Ցուցասրահում ներկայացված քարտեզները համալրվել են նաև տեխնոլոգիական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս թվային տարբերակով ավելի շատ ինֆորմացիա փոխանցել այցելուներին։
Ցուցադրությանը հաջորդեց աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի բանախոսությունը՝ «Քարտեզը և պատմությունը» վերնագրով։ Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց տարբեր ժամանակաշրջաններում տարածաշրջանի քարտեզագրության պատմությունը, դրանցում Հայաստանի տեղադրությունը, ինչպես նաև սահմանների փոփոխությունը և ընդգծեց, որ ճիշտ և հստակ քարտեզագրումը կարևոր նշանակություն ունի իրականության կերտման տեսանկյունից։