Հունիսի 21-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո բացվեց «Հայերը Երկրորդ աշխարհամարտում․ հաղթանակ-80» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդրությունը՝ նվիրված նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը` ընդգծելով այս ցուցահանդեսի կարևորությունը և արդիականությունը: Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը խոսեց ցուցադրության մասին` ներկայացնելով պաստառների կարևոր դերը խորհրդային իրականությունում:
Բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն պ․գ․դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։ Բանախոսը կարևորեց հայրենական պատերազմի ընթացքում հայերի ունեցած ավանդը նացիզմի դեմ պայքարում:
Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում պահվող խորհրդային շրջանի 31 քաղաքական և երգիծական ցուցապաստառների լուսապատճենները։ Դրանցից են՝ Վ. Սուրյանինովի «Ազատագրենք մեր հարազատ քաղաքներն ու գյուղերը գերմանաֆաշիստական զավթիչներից», Ասլամազյան քույրերի, Բ. Եֆիմովի, Հովհ. Շավարշի, ՏԱՍՍ-ի պատուհանների (Окна ТАСС-a) պաստառները և այլ արժեքավոր աշխատանքներ։